Կարևոր հաղթանակ. Մխիթարյան  

Armenpress 10:45, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևորում է «Բոլոնիա»-ի դեմ տարած հաղթանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, սոցցանցերի իր էջերում անդրադառնալով Սերիա Ա-ի 4-րդ տուրի «Բոլոնիա»-«Ռոմա» խաղին՝ նա, մասնավորապես, նշել է. «Կարևոր հաղթանակ»:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեին մի շարք հնարավորություններ գրավելու մրցակցի դարպասը, բայց այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի մեկնարկին Ալեքսանդր Կոլարովը առաջ մղեց «Ռոմա»-ին: Սակայն 5 րոպե անց՝ 54-րդ րոպեին, «Բոլոնիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը 11-մետրանոցի շնորհիվ: Աչքի ընկավ Նիկոլա Սանսոնեն: «Ռոմա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց վերջին ավելացված րոպեին գոլ խփել և հաղթանակ տանել: Գլխով շեշտակի հարվածով աչքի ընկավ Էդին Ջեկոն: Հանդիպումն ավարտվեց 1:2՝ հօգուտ «Ռոմա»-ի: Հայաստանի ազգային թիմի ավագը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, փոխարինվեց 86-րդ րոպեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am