ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Armenpress 16:01, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետի գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Գյումրիից թռանք Լոս Անջելես»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը Գյումրիում մասնակցել է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: 

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սեպտեմբերի 22-ին Փաշինյանը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am