«Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին

Armenpress 14:21, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սույն հարցով հիմնական զեկուցող է նշանակվել ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Իմ քայլը» խմբակցությունը խնդրում է ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի մեջ նշված է, որ առկա են Հրայր Թովմասյանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վարույթին մասնակցելու անհնարինության հիմքեր:

«ԱԺ-ն գտնում է, որ առկա են ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման հիման վրա վարույթ ընդունած գործի քննությանը Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի մասնակցելու անհնարինության հիմք, պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքով»,- նշված է նախագծում:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ   հղումով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am