Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Armenpress 16:28, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի, համապատասխան մշակույթի ձևավորման վրա: «Մենք գնահատում ենք ձեր բանկի ներդրումը, և կարևոր է, որ այն շարունակի հետագա գործունեությունը Հայաստանում»,-նշել է նախագահը:

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել HSBC և HSBC-Հայաստան բանկերի գործունության, առաջիկա ծրագրերի վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am