Ոստիկանները բերման են ենթարկել 20-ամյա երտաարդին ազատ թողնելու համար գումար պահանջած անձանց

Armenpress 21:29, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման ենթարկել երևանցի 20-ամյա երիտասարդին Եղեգնաձորում անազատության մեջ պահող և ազատելու համար գումար պահանջած անձանց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել է 20-ամյա իր որդուն: Նրա տղան սեպտեմբերի 11-ին տնից դուրս էր եկել և չէր վերադարձել, իսկ ավելի ուշ զանգահարել էին մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուն պահում են անազատության մեջ: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ երիտասարդին ազատությունից զրկած անձն ամենայն հավանականությամբ Գառնի գյուղի 27-ամյա բնակիչ է: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Սեպտեմբերի 14-ին իրավապահները տեղեկություններ ստացան, որ կասկածվողը «Մերսեդես» մակնիշի մեքենայով գտնվում է Եղեգնաձորում: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, որոնք նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողին եղեգնաձորցի 35-ամյա ընկերոջ հետ հայտնաբերեցին Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում և, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված անձինք ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am