Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր՝ դուրս գալով ԱԱ կիսաեզրափակիչ

Armenpress 15:27, 15 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, օլիմպիական չեմպիոնը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիին։ Այսպիսով՝ Ալեքսանյանն ապահովել է առնվազն Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Հրաբովնիկին։ 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել էր ֆինն Մատի Կուսմանենին, իսկ ⅛ եզրափակչում 4:2 հաշվով թուրք Չենկ Իլդեմին։

Սեպտեմբերի 15-ին պայքարի էին դուրս եկել նաև 67 կգ և 87 կգ քաշային ըմբիշները։ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից 10։1 հաշվով հաղթեց Տաջիկստանի ներկայացուցիչ Մուբինժոն Ահմեդովին, իսկ ⅛ եզրափակչում 3։6 հաշվով զիջեց Իբրահիմ Էլսայեդին՝ Եգիպտոսից։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 1:4 հաշվով զիջեց կուբացի Դանիել Գրեգորիչին։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտում 4:7 հաշվով զիջեց կորեացի Ջիյոն Լիին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի համար կպայքարի իրանցի Մեյսամ Դալխանիի հետ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am