Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ

Armenpress 17:17, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից, ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Շուտով կտեղադրվի ևս 9 նման աման:

«Նշենք, որ «Recycleit» ծրագրի այս բաղադրիչը հնարավոր դարձավ "Global Credit'' UCO CJSC-ի հովանավորության և Երևանի քաղաքապետարանի թույլտվության շնորհիվ: Երևանի սիրելի բնակիչներ և հյուրեր, հայցում ենք բոլորիդ աջակցությունը՝ զարգացնելու մեր երկրում թափոնների տեսակավորման մշակույթը։ Օգտագործեք այս ամանները միայն պլաստիկ թափոնների համար: Եթե ականատես լինեք, որ ամաններն օգտագործվում են այլ նպատակով, տեղյակ պահեք մեր թիմին»,- նշված է ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am