Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միության նիստը

Armenpress 17:23, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միության (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից: 

Մինչ այդ՝ սեպտեմբերի 10-11-ը, անցկացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) աշխատանքային խմբերի և համակարգող խորհուրդների նիստերը։

Նիստի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
ՀԱՊԿ ՌՏՀՄՀ 17-րդ նիստը վարել է ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նախագահ,  ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
Նիստերի աշխատանքներին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ քարտուղարության անդամները, ՌՏՀՄՀ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության պատվիրակություններն Ազգային մասերի ղեկավարների գլխավորությամբ:
Տեղի են ունեցել մասնագիտական մի շարք քննարկումներ ռազմական տեխնիկայի ստանդարտացման, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերին մատակարարվող առարկաների, դրանց որակի ապահովման ու վերահսկման համալիր համակարգային մոտեցման հայեցակարգի, մի շարք այլ թեմաներով։
Արդյունքում ստորագրվել են ՌՏՀՄՀ որոշումները և ամփոփիչ արձանագրութունը:
ՌՏՀՄՀ 17-րդ նիստի ավարտից հետո ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նախագահ, ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը և Հայաստանի Ազգային մասի  ղեկավար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am