«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում Երևանում կանցկացվի հինգ համերգային երեկո

Armenpress 12:48, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանը հյուրընկալելու է հեղինակավոր մենակատարների աշխարհի տարբեր երկրներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 22-26-ը մայրաքաղաքում կանցկացվի հինգ համերգային երեկոներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան սոպրանո Աննա Կասյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Նիկոլայ Լուգանսկին, Ինգոլֆ Վունդերը, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը և այլք։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով` փառահեղ փառատոն է սպասվում: «Մեր երկրում չկա դասական երաժշտության որևէ այլ փառատոն, որի շրջանակում ամեն օր համերգներ լինեն»,-նշեց նա:

Անդրադառնալով մենակատարներին` Սմբատյանն ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ համբավ ունի դասական երաժշտարվեստում: «Այս փառատոնը հետաքրքիր է, ունի լուրջ բովանդակություն և լավ պատմություն»,-ընդգծեց Սմբատյանը:

Ամենամյա փառատոնը հանդիսատեսին է ներկայացնում դասականների երաժշտական ժառանգության, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հինգ օր շարունակ հնչելու են Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռոսսինիի, Մենդելսոնի, Շչեդրինի, Շորի, Կոկժաևի և այլ կոմպոզիտորների գործեր։

Համերգներն անցկացվելու են «Արամ Խաչատրյան» համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am