Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ

Armenpress 15:34, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) սեպտեմբերի 4-ին հանդիպեց Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասին (Tõnis Lukas): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Շնորհավորելով նախարար Լուկասին նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեությունը մշակութային դիվանագիտության ուղղությամբ, ընթացիկ և ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Էստոնիայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի համար, նշեց, որ բարձր է գնահատում դեսպանության գործունեությունը՝ ուղղված Էստոնիայում հայկական հարուստ մշակույթի ներկայացմանը և հայ ու էստոնացի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նախարարը նաև հավելեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն այսուհետ նույնպես կաջակցի և կհամահեղինակի ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայ հռչակավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներին զուգահեռ դեսպանությունը նախատեսում է հրատարակել հայ մեծանուն գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի էստոներեն թարգմանությունը (վերջինիս 150-ամյակը ՅՈւՆԵՍԿՕ-ն նույնպես ներառել է նշանավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ցանկում):

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, անդրադարձան երկու երկրներում թանգարանային ցուցադրությունների կազմակերպմանը և տարաբնույթ համատեղ այլ միջոցառումների անցկացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am