Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 28-ամյակի առթիվ

Armenpress 12:52, 5 Սեպտեմբեր, 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակի առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ այդ պատմական իրադարձությունը նպաստել է Խորհրդային Միության անկմանը՝ այսպիսով մասնակցելով ժողովրդավարության զարթոնքին Հարավային Կովկասում:«Խորհրդային Միության կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Ադրբեջանին զուրկ էր որևէ պատմական հիմնավորումից:  Ժողովրդավարության այն աննախադեպ շարժումը, որի արդյունքում արցախցիները քվեարկեցին Հայաստանի հետ վերամիավորման և, ապա՝ իրենց անկախության օգտին շատ նման է զուգահեռաբար ընթացող այն իրադարձություններին, որոնք տարան դեպի Գերմանիայի վերամիավորումը»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:Շրջանակի անդամները հիշեցնում են, որ Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման գործնթացը չհասավ իր ավարտին՝ որը հնարավորություն կտար կնքել խաղաղության արդարացի և վերջնական պայմանագիր:Ուղերձում ընդգծվում է, որ Արցախի անկախության ճանաչումը չի կարող լինել բանակցությունների առարկա: Այնտեղ նշվում է նաև, որ այդ անկախությունը ազատել է Արցախի բնակչությանը ոչ միայն ադրբեջանական բռնապետության ճնշումից, այլ նաև նրան սպառնացող բնաջնջման վտանգից:«Արցախի անկախությունն այսօր փաստացի իրականություն է: Այս իրականության դեմ տարվող ցանկացած քաղաքականություն ստերջ է և անհեռանկարային: Եթե Ֆրանսիան ցանկանում է Հարավային Կովկասում լսելի լինելու հեռանկար ունենալ, ապա պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչը համահունչ կլինի թե իրականությանը, և թե իրատեսությանը»,- ընդգծել է Գի Տեսիեն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am