Ոստիկանները համայնքային բյուջեից գումարների անհիմն փոխանցման դեպք են բացահայտել

Armenpress 18:47, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները Ալագյազ համայնքում կատարված ապօրինություններ են բացահայտել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք համայնքի բյուջեին խոշոր չափերի նյութական վնաս են պատճառել:

«Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք Ծաղկահովիտ գյուղի մի բնակչի հետ աղբահանության և խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագրեր են կնքել։ Այդ աշխատանքները չեն կատարվել, սակայն նախկին պաշտոնատար անձինք համայնքի բյուջջեից գումար են փոխանցել՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս»,- հայտնում է ոստիկանությունը:

Դեպքի առթիվ ոստիկանության Արագածի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության: Հանգամանքները պարզվում են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am