Ադրբեջանը վերականգնում է հակաիրանական գործողությունների պլացդարմի նախկին դերակատարումը

Armenpress 16:58, 29 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներից Իսրայելն ակնհայտորեն ընդլայնել է Իրանի դեմ ռազմագործողությունների աշխարհագրական արեալը։ Մասնավորապես, բացի անմիջական սահմանակից արաբական տարածքներից՝ Գազայի հատվածից, Լիբանանից, Սիրիայից, վերջին 40 օրերի ընթացքում Իսրայելի ԶՈւ-ն առնվազն 3 օդային հարձակում է իրականացրել (հուլիսի 19-ին, օգոստոսի 12-ին և 20-ին) Իրանի հովանավորյալ իրաքյան «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»(ՀՇ, ժողովրդական աշխարհազոր) և «Քաթայիբ Հիզբալլահ» խմբավորումների ռազմաբազաների ու զինապահեստների դեմ։ Թել Ավիվի այդօրինակ ռազմագործողությունների նպատակային հիմնավորումն է՝ Իրանից հնարավոր ամեն տեսակի և հատկապես հրթիռային սպառնալիքը չեզոքացնելուն միտված մարտավարությունը։

Ի դեպ, նշված հարձակումների իրականացման մասին ակնարկել է նաև Իսրայելի վարչապետ և պաշտպանության նախարար Բենյամին Նեթանյահուն (այդօրինակ գործողություների մասին բարձրաձայնումը հազվադեպ պրակտիկա է Իսրայելում)՝ հայտարարելով՝ «Իրանը որևէ տեղ չունի իմունիտետ։ Մենք գործելու ենք նրանց դեմ ամենուրեք, որտեղ անհրաժեշտություն կլինի»։

Հարկ է նշել, որ Հրեական պետության նման գործելաոճն առարկայանում է հունիսի վերջին Իսրայելի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ԱԽ քարտուղարների՝ Երուսաղեմում տեղի ունեցած բացառիկ եռակողմ հանդիպումից հետո, որի շրջանակում քննարկված առանցքային հարցերից մեկն էլ տարածաշրջանում ստեղծված բարդագույն իրավիճակում Իսրայել պետության անվտանգության ապահովման գերխնդիրն էր։ Հնարավոր է՝ հենց երկու գերտերությունների համերաշխությանն արժանանալուց հետո Իսրայելի գործողություններն ավելի ագրեսիվ են դարձել՝ ընդ որում, Ռուսաստանի ազդեցությունն ավելի մեծ է Սիրիայում, իսկ ԱՄՆ-ինը՝ Իրաքում։

Վերոնշյալ ռազմագործողությունների առնչությամբ «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ  Աբու Մահդի ալ-Մուհանդիսն Իրաքի դեմ իրականացված հարձակումներում մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին։ Իսկ մասնավորապես օգոստոսի 20-ի հարձակմանն անդրադառնալով՝ նշել է, որ իրենց ՀՕՊ համակարգերը հետևում են ամերիկյան ինքնաթիռների բոլոր թռիչքներն Իրաքի օդային տարածքում։ ՀՇ-ն տվյալներ ունի առ այն, որ այս տարի ամերիկացիներն իսրայելական 4 անօդաչու ինքնաթիռներ են տեղակայել Ադրբեջանում և թույլ են տվել դրանց գործել Իրաքի օդային տարածքում, և կառույցն էլ հետևում է դրանց բոլոր թռիչքներին։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում առանցքային դերակատարում ունեցած շիայական խմբավորումը, որի գործունեությունը հիմնված է շիայական իսլամի գաղափարական ամուր հենքի վրա, սպառնացել է նաև համարժեք պատասխան տալ կառույցի դեմ որևէ թշնամական գործողության հեղինակներին։ Ի դեպ, նշված խնդրի առնչությամբ Ադրբեջանի հասցեին բավական ազդեցիկ քննադատություններ են հնչել նաև Թեհրանից։

Ի դեպ, ավելի վաղ ևս, մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել առ այն, որ Իսրայելը փորձեր է ձեռնարկում պայմանավորվելու Ադրբեջանի հետ՝ այդ երկրի ռազմական օդանավակայններն օգտագործելու նպատակով։ Իհարկե, ադրբեջանական կողմը մշտապես հերքել է նման լուրերի իսկությունը։ Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել նաև իրաքյան հրամանատարի հայտարարությունը։ Մեծ հավանականությամբ Վաշինգտոնի հետ լարավածությունից խուսափելու նպատակով՝ ալ-Մուհանդիսի հայտարարության իսկությունը չի հաստատել նաև Իրաքի քաղաքական ղեկավարությունը՝ միաժամանակ հնարավոր ամենաբարձր մակարդակով քննադատելով «Իրաքի տարածքը երրորդ ուժերի դեմ պայքարի հարթակ դարձնելու ցանկացած փորձ»։

Ինչ խոսք, կանխատեսելի էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և տարածաշրջանային դաշնակիցների տարաբնույթ գործողությունների համատեքստում կրկին ակտիվանալու է Ադրբեջանի հետ համագործակցության թեման։ 2018թ. Միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալուց և Իրանի հարցում ավելի կոշտ մարտավարության անցնելուց հետո ակնհայտ էր, որ Վաշինգտոնը և տարածաշրջանային դաշնակիցները նոր գործողություններից բացի, փորձելու են վերագործարկել Թեհրանի դեմ նախկինում կիրառված մի շարք մարտավարական քայլեր ևս։  Որպես օրինակ՝ կարելի է նշել տնտեսական պատժամիջոցների, ռազմական մանևրների քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է հակաիրանական շղթայում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացմանը, ապա տարիներ շարունակ Բաքվի հետ հատկապես ռազմատեխնիկական լուրջ փոխգործակցության արդյունքում այդ երկրի՝ Իրանին սահմանակից շրջաններում, որոնք ամերիկա-իսրայելական հակաիրանական ծրագրերում մշտապես դիտարկվել են որպես կարևոր պլացդարմ, ձևավորվել էր բավական արդյունավետ գործող իսրայելական  հետախուզական և հատուկ ծառայությունների ցանց։ Այն զգալիորեն տիրապետում է Ադրբեջանի ռազմավարական ենթակառուցվածքների ոլորտին, և, թեպետ, 2015թ.-ից հետո էականորեն նվազեցրել էր իր դերակատարությունը, այդուհանդերձ, անհրաժեշտություն դեպքում կրկին գործարկվում էր։ Դրա ամենավերջին մասշտաբային գործողությունը շուրջ 1,5 տարի առաջ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մի քանի տոննայանոց փաստաթղթային արխիվի դուրսբերումն էր Ադրբեջանի տարածքով։

Կասկածից վեր է, որ ԱՄՆ-Իրան լարվածության ներկա ֆոնին, որը դրսևորվում է հնարավոր բոլոր մակարդակներում, առնվազն կարճաժամկետ հեռանկարում հակաիրանական դաշինքի համար կարևորվելու է Բաքվի դերն առայժմ գոնե լոգիստիկ առումով։  Իսկ այդ հնարավորությունների վերագործարկման հարցը կարող է շոշափված լինել, ասենք, դեռևս 2018թ. սեպտեմբերի կեսերին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Վրաստան և Ադրբեջան բավական տևական պաշտոնական այցի, ինչպես նաև՝ դրան հաջորդած ԱՀ ՊՆ առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադըգովի՝ Իսրայել կատարած այցի ընթացքում: Հատկանշական է, որ երկու այցերի վերաբերյալ իսրայելական ԶԼՄ-ների անդրադարձներում հատկապես ընդգծվել են Ադրբեջանի՝ «կարևոր մուսուլմանական երկիր» և «Իրանի հյուսիսային հարևանը» լինելու հանգամանքները: Իրանի դեմ որևէ գործողության պարագայում, եթե ոչ Ադրբեջանին ամբողջովին ներգրավելու, ապա առնվազն նրա տարածքն ու ենթակառուցվածքներն օգտագործելու հարցը, վստահաբար,  քննարկվել է նաև 2018թ. հոկտեմբերին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս, այդ թվում՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

Վերոնշյալի համատեքստում կարելի է կանխատեսել, որ պայմանավորված հակաիրանական շղթայի մարտավարությամբ՝ առաջիկայում հնարավոր է՝ առավել հաճախակի կշրջանառվի Իրանի դեմ գործողություններում Բաքվի՝ տարբեր մակարդակներում ներգրավման վերաբերյալ տարաբնույթ տեղեկատվություն։ Հետևաբար, տրամաբանական է դիտարկել նաև հակառակորդ ճամբարի կողմից Ադրբեջանի հանդեպ ինչպես համարժեք հռետորաբանության, այնպես էլ գործողությունների հնարավորությունը՝ գուցե նաև անկանխատեսելի դրսևորումներով և հետևանքներով։

Արմեն Պետրոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am