«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջատարն է. փաստավավերագրական,հուլիս, 19
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ հուլիսի վաճառքների:
Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևացնել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով, երբեմն՝ անպատշաճ հումորով։
Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից:
Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» երրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
Չորրորդ տեղում Մարիամ Մարգարյանի «Քաղաքական արդիականացման հրամայականները ՀՀ-ում» գիրքն է: Հեղինակը համակողմանի ուսումնասիրել է քաղաքական արդիականացման քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման ապահովման հիմք:
Հիմնավորված է այն մոտեցումը, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ՀՀ քաղաքական համակարգի բնականոն արդիականացման գործընթացի իմաստավորումը պահանջում է իրականացնել գիտավերլուծական կառավարում՝ հենվելով համախմբագիտության սկզբունքների վրա: Այս դիտանկյունից կարևորված է բնաշխարհիկացված էլիտաների` որպես ՀՀ–ում քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման, քաղաքակրթական ինքնորոշման, հասարակության երջանիկ ապագայի ռազմավարական կառավարման և անվտանգության ապահովման պատասխանատուների կայացման հրամայականը:
Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:
Վեցերորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջնակարգ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը, վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:
Յոթերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, մասնագետ, ուսանող... Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Ութերորդ հորիզոնականում է Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը: Այս զարմանալիորեն բարի գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկ երեխաներն ամեն ինչ սովորելու ունակություն ունեն: Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ ավագները յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի: Եվ այս գործընթացում գլխավորը նոր փորձը ճիշտ ժամանակին կիրառելն է: Բայց այդ «ճիշտ ժամանակը» կարող է հասկանալ միայն նա, ով մշտապես երեխայի հետ է:
Իններորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
Տասներորդ տեղում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքն է: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 *Մարկ Մենսոն
«Թքած ունենալու նուրբ արվեստը»
Newmag 208 2 0Ռոբերտ Քոչարյան
«Կյանքը և ազատությունը»
հեղ.հրատ 91 3 0Գերի Չեփմեն
«Սիրո 5 լեզուները»
Newmag 75 4 նորՄարիամ Մարգարյան
«Քաղաքական արդիականացման հրամայականները ՀՀ-ում»
Տիգրան Մեծ 53 5 +1Սամվել Աղաջանյան
«Կհանդիպենք բարձունքում»
հեղ.հրատ 39 6 *Ուիլյամ Չ. Ռեմփել
«Խաղացողը»
Էդիթ Պրինտ 38 7 0Վահագն Դիլբարյան
«100 բիզնես գաղտնիքներ»
Էդիթ Պրինտ 31 8 +2Մասարու Իբուկա
«Երեքից հետո արդեն ուշ է»
Էդիթ Պրինտ 30 9 *Դանիել Սմիթ
«Մտածել ինչպես Շեռլոկը»
Զանգակ 29 10 -1Սթիվեն Քովի
«Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»
Էդիթ Պրինտ 28