Թուրքիան Իրաքում շարունակում է ռազմական գործողությունները. 22 սպանված

Armenpress 11:36, 27 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 7 զինյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ «Մագիլ-3» գործողությունների հետևանքով մինչ օրս ընդհանուր առմամբ սպանվել է 22 զինյալ:

Թուրքական զինված ուժերի կողմից օգոստոսի 23-ից իրականացվում են «Մագիլ-3» (Pençe-3) անունը կրող ռազմական գործողությունները, որոնց նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային Սինաթ և Հաֆթանին շրջաններում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am