Մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար ՊՆ-ին տրամադրվեց 2,1 մլրդ դրամ

Armenpress 14:07, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը օգոստոսի 22-ին որոշում կայացրեց 2,1 միլիարդ դրամ տրամադրել Պաշտպանության նախարարությանը մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019 թ. մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:

Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019 թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը:

Նախագիծը մշակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am