Շնողում 35-ամյա անձը համագյուղացուն գերանդիով մահացու մարմնական վնասվածքներ է պատճառել

Armenpress 19:42, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օգոստոսի 20-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին է փոխանցվել: Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 19-ի երեկոյան, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Շնող գյուղի հանդամասում տուժողին գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին: Օգոստոսի 20-ի առավոտյան կասկածվողը բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, հիվանդանոցից նոր ահազանգ է ստացվել: Բժիշկներին չէր հաջողվել փրկել 48-ամյա տղամարդուն` վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե դեպքը որտեղ, ինչպես է եղել:  Հանագմանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am