Գևորգ Թամամյանը առողջապահության նախարարությունից հեռանալու դիմում չի ներկայացրել

Armenpress 11:48, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Թամամյանի հեռանալու վերաբերյալ տարածած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է տարածել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանով սահմանվել է  առողջապահության նախարարության (ոչ թե նախարարի) խորհրդատուների ցանկը (նախկինում` գլխավոր մասնագետներ), որոնք պետք է մասնակցեն ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:

«Այս պահին նրանք դեռ թվով 47-ն են, քանի որ «հեռացող խորհրդատուն» առողջապահության նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում»,- գրել է Նիկողոսյանը:

Գևորգ Թամամյանը, որ նաև բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն է, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ այլևս չի ցանկանում լինել նախարարի խորհրդատուն, և բավականին խիստ գնահատականներ է տվել նախարարի հասցեին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am