Ձորագյուղում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար, ասֆալտապատվում մեկ փողոց

Armenpress 14:59, 20 Օգոստոս, 2019

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում արդեն միանգամից մեկնարկել  է սուբվենցիոն երկու ծրագիր, ինչի արդյունքում համայնքը շուտով կունենա ասֆալտապատ 1 փողոց եւ խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ նոր ջրամբար:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 500 հազար դրամ,  նախատեսվում է 14-րդ փողոցի ասֆալտապատում՝ 700 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի համայնքի ավագ դպրոց:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի համար կառուցվում է խմելու ջրի օրվա կարգավորիչ նոր ջրամբար եւ ՕԿՋ-ից ներքին ցանցին միացվող նոր ջրատար՝ 550 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: §Երկու ծրագրերն էլ շատ կարեւոր են համայնքի բնակչության համար: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի ավագ դպրոց եւ հատվում է կենտրոնական ճանապարհին, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումը դարձել էր օրախնդիր հարց, քանի  որ հին կարգավորիչ ջրամբարը, որը կառուցվել էր անցած դարի 60-ական թվականներին, արդեն քայքայվել ու կորցրել էր շահագործման պիտանիությունը: Այսուհետ մենք կունենանք հիմնովին բարելավված ջրամատակարարում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am