Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ

Armenpress 14:45, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սարոյանը հայտնեց օգոստոսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Խոսել եմ, որպեսզի հանկարծ այդ մարդը չմահանա բանտում: Եթե Մանվելը գնաց իրենց տուն, ո՞ւր պետք է փախչի»,- նշեց Սարոյանը:

Սեյրան Սարոյանը հայտնեց, որ հանդիպումը տեղի է ունեցել աշնանը, իսկ իր նշածին ի պատասխան վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ, եթե տեսնեն` իրոք հիվանդ է Մանվել Գրիգորյանը, ապա կփորձեն այդ հարցին այլ լուծում տալ:

Հունվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից  ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ  մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանը, կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝  նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար

Ավելի վաղ՝ փետրվարին, Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, հետազոտվելու:

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալ ճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am