Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները

Armenpress 17:55, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի ամիս շարունակ պատրաստվելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովին» ՝ կազմակերպչական թիմը փորձել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով:

Ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ արվել է  առավելագույնը՝  հարմարավետ հարթակներ ստեղծելու թե՛ էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների, թե՛ իրենց հաջողակ պատմություններով կիսվողների, թե՛ ներդրումային ծրագրեր ներկայացնողների և թե՛ համաժողովի մասնակիցների համար:

Համաժողովի շրջանակում ներկայացվել են 10 հաջողված ձեռնարկությունների պատմություններ, ինչպես նաև՝ տեխնոլոգիական գյուղատնտեսության, զբոսաշրջության, ադամանդագործության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային շուրջ 25 ծրագիր:

«Այն, ինչին դուք ականատես եղաք համաժողովի շրջանակում, մեր մարզի տնտեսական ներուժի միայն մի մասն էր: Իրականում, Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում: Համաժողովից հետո հնչած յուրաքանչյուր կարծիք, շնորհավորանք ու բարեմաղթանք միմիայն պարտավորեցնող է ու առաջ մղող:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ արեցին բոլորիս համար օգոստոսի 17-ը հիշարժան դարձնելու համար: Ի գո՛րծ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով  «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը՝ նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am