Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպումներ է ունեցել

Armenpress 14:55, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Փաշինյանը օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: 

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը  նշել է, որ խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում: 

Վլադիմիր Կարապետյանը նաև հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին մեկ այլ քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

«Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց»,- գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am