ՀՀ ԿԲ-ն հայտարարում է աուդիտորական ընկերություն ընտրելու հրապարակային մրցույթ

Armenpress 16:56, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտաքին աուդիտորը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.

լինի անկախ Կենտրոնական բանկից, մասնավորապես` Կենտրոնական բանկի հետ չպետք է ունենա պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրա անկախությունը, որևէ կերպով ներգրավված չլինի Կենտրոնական բանկի որոշումների կայացման գործընթացում, չլինի Կենտրոնական բանկի և/կամ ֆինանսական համակարգի մասնակիցների և դրանց ղեկավարների հետ փոխկապակցված անձ, ունենա միջազգային ճանաչում՝ համաձայն ԿԲ մասին օրենքի 16 հոդվածի պահանջների, աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորումներ: Երկրորդ երեք տարվա աուդիտի համար Արտաքին աուդիտորը պետք է ներկայացնի աուդիտի համար պատասխանատու նոր ղեկավար, եթե մասնակցում է մրցույթին: Վեց տարի անընդմեջ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացրած Արտաքին աուդիտորը չի կարող մասնակցել մրցույթին:

Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, Հայաստանի Հանրապետություն Կենտրոնական բանկ:

Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2019թ. սեպտեմբերի 20-ը  ժամը 17:00:

Մրցութային հայտերով ներկայացված «մրցույթի տեխնիկական առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 26-ին ժամը 17:00-ին:

Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատումը և «մրցույթի գնային առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 11-ին ժամը 17:00-ին:

Մրցութային հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփման նիստը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի «Մրցույթներ» բաժնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր Արա Չալաբյանին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am