Instagram-ի օգտատերերը կկարողանան մակնշել անհավաստի հրապարակումները

Armenpress 14:42, 16 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ի վարչությունը մտադիր Է ներկայացնել նոր գործառույթ, որն ամբողջ աշխարհում օգտատերերին թույլ կտա մակնշել այն հրապարակումները, որոնք, իրենց կարծիքով, վստահության արժանի չեն: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտարարել Է Facebook ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Օթուեյը: Ինչպես նշված Է նրա մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է Փոյնթերի ինստիտուտ լրագրողական հետազոտական կենտրոնի (Ֆլորիդայի նահանգ) պաշտոնական կայքում, օգտատերերը կկարողանան նշել, որ որեւիցե հրապարակում համարում են սխալ՝ ճշտելով, որ այնտեղ բերվում Է «անհավաստի տեղեկատվություն»: Այս դեպքում այդ նյութերը կստուգեն Facebook-ի գործընկերները զանգվածային լրատվամիջոցների եւ հետազոտական կազմակերպությունների թվից: Նրանք, ինչպես կարծում են ընկերությունում, կկարողանան պարզել, թե հավաստի են արդյոք նյութերը: Ինչպես պարզաբանել Է Օթուեյը, ստուգման արդյունքներով Facebook-ի գործընկերները կնշեն, թե հրապարակումը համարում են արդյոք, մասնավորապես, «իրականությանը համապատասխանող», «անհավաստի» կամ «մոլորության մեջ գցող»: Ամեն դեպքում նշված նյութերը չեն հեռացվի: Եթե պարզվի, որ դրանք վստահության արժանի չեն, Instagram-ի աշխատակիցները կձեռնարկեն միջոցներ, որպեսզի այն օգտատերերի թիվը, որոնք կարող են ծանոթանալ տվյալ գրությանը, նվազեցվի: Դրա համար, մասնավորապես, կարող են հեռացվել հրապարակումների որոշ թեմատիկ նշաններ: Օթուեյի խոսքով՝ նշված գործառույթն արդեն մատչելի Է ԱՄՆ-ի օգտատերերին: Երկու շաբաթվա ընթացքում այն կներկայացնեն ամբողջ աշխարհում: Համանման ծառայություն արդեն կա Facebook սոցցանցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am