Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

Armenpress 12:24, 16 Օգոստոս, 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 16-ին  ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար  Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարները: Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Մասիս Մայիլյանը «The HALO Trust»-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am