Պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Armenpress 13:09, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը ԱՄՆ-ից կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են»,- նշված է հայտարարությունում:

Վահագն Դադրյանը ծնվել է 1926 թ. մայիսի 26-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 1955 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման: Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, ԳԱԱ ոսկե հուշամեդալի, Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալի և ՀՀ նախագահի կողմից ոսկե մեդալի: Դադրյանը մահացել է 2019 թ. օգոստոսի 2-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am