Լեյբորիստների առաջնորդը պատրաստվում Է անվստահության քվե հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը

Armenpress 09:47, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու եւ այն բանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական ընդդիմության առաջնորդի նամակը, որը նա հղել Է այն պահպանողական պատգամավորներին, որոնք հանդես են գալիս առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեմ, ինչպես նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս կառավարությունն առանց գործարքի դուրս գալու սցենարի իրականացման մանդատ չունի (…) Ուստի ես մտադիր եմ անվստահության քվե հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ մենք համոզված լինենք հաջողության հարցում»,- ասված Է Քորբինի նամակում:

«Կառավարությանը հաջողությամբ անվստահության քվե հայտնելուց հետո ես՝ որպես ընդդիմության առաջնորդ, կձգտեմ հասնել Համայնքների պալատի վստահությանը բացառապես ժամանակավոր կառավարություն կազմելու համար՝ ընդհանուր ընտրությունների անցկացման եւ դրա համար անհրաժեշտ (Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածի երկարաձգման նպատակով»,-գրել Է նա:

Քորբինը նաեւ հայտարարել Է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am