«Ջիպսի Քինգս ֆամիլի»-ի անդամ Ջոզեֆ Ֆարժիերն այցելեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջիպսի քինգս ֆամիլի»-ի անդամ Ջոզեֆ Ֆարժիերն, ով Հայաստանում է գտնվում համերգներով, այցելեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կենտրոնում «Ջիպսի քինգս» խմբի մի քանի երգ կատարեց բուժում ստացող երեխաների համար:
Ջոզեֆը հանդիսանում է «Our music for you» (Մեր երաժշտությունը քեզ համար – հեղ.) ֆոնդի հիմնադիր, որը ստեղծվել է բարեգործական համերգներ անցկացնելու նպատակով:
Ստացված գումարը հիմնադրամը, որը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, փոխանցում է մանկական հիվանդանոցներին:
«Ես այստեղ եկել եմ աջակցելու այս փոքրիկներին և ցույց տալու նրանց, որ իրենք սիրված են և լսված: Մենք նպատակ ունենք կազմակերպել Հայաստանում մեծ միջոցառում»,- ընդգծեց Ջոզեֆը:
Նա այցելեց նաև այն երեխաներին, ովքեր մի փոքր ավելի թույլ էին և նրանցից մեկին՝ Արկադիին, ով նույնպես կիթառ է նվագում ու երգում, խոստացավ հաջորդ այցելության ժամանակ իր անձնական կիթառը նվիրել:
Արյունաբանական կենտրոնում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ նշեց, որ իրենք շատ են կարևորում այդ կենտրոնում նման միջոցառումները:
«Անչափ ուրախ ենք, որ Ջիպսի քինգ ֆամիլի-ի անդամներից մեկը կամք ցուցաբերեց այցելել Հայաստանում գտնվող հիվանդանոցի մեր երեխաներին»,- ասաց Դեմիրճյանը:
«Our music for you» հիմնադրամը 3 տարվա գործունեության ընթացքում կազմակերպել է 8 բարեգործական Գալա Իվենթ և ստացված գումարը փոխանցել Ռադի Չիլդրեն Սան Դիեգո մանկական հիվանդանոցին:
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր կան նմանատիպ բարեգործական Գալա միջոցառում կազմակերպել նաև Երևանում՝ աշնանը: