Էկոնոմիկայի նախարարությունում արտահանողները բարձրացրել են ոլորտի խնդիրները

Armenpress 13:20, 14 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների և Export Armenia խմբի հիմնադիրների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման օրակարգում էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները։

Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առնչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են արտաքին շուկաներում արտահանողների հիմնական ռիսկերը, առաջարկել լուծման հնարավոր ուղիներ՝ բերելով նաև միջազգային փորձի օրինակներ։ Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների արտահանման հատուկ խնդիրները։

Անդրադարձ է եղել տրանսպորտալոգիստիկ խնդիրներին։ Արտահանման խնդիրները քննարկելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել առանձին հանդիպում կազմակերպել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Պայմանավորվածություն համաձայն տնտեսվարողները կներգրավվեն նաև համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am