Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին

Armenpress 15:43, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից, հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից և գիտությունից մինչև մշակույթ ու սպորտ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրին առնչվող հարցերը։ Գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցային կապերի խթանման և Չեխիայի համապատասխան կառույցների հետ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ձևաչափերի ստեղծումը նույնպես կարևորվել է նախարարի կողմից։

Կողմերը քննարկել են նաև STEM (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի) բնագավառում հայաստանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների ընդգրկմամբ համագործակցային ծրագրերի իրականացման հնարավորության հարցը՝ ընդգծելով, որ այս ոլորտներում հայ-չեխական փոխգործակցությունը լայն հեռանկար ունի։

Նախարար Ա. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել կիսել Հայաստանի դպրոցների մշակութային և տեխնոլոգիական կրթության փորձը։ Դեսպան Բեդրիխ Կոպեցկին էլ հայտնել է իր հետաքրքրվածությունը կապված հայկական դպրոցներում «շախմատ» առարկայի դասավանդման և Չեխիայում այս փորձի կիրառման հետ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am