«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հրանտ Թումասյանը 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ

Armenpress 12:04, 13 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ազատամարտիկ Հրանտ Թումասյանը մանկական ուղեղային կաթվածով 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ:

«Դեռևս երկու շաբաթ առաջ ավելի քան 30 էլեկտրական անվասայլակներ տրամադրել էինք երեխաներին: Բոլորը ճապոնական պրոֆեսիոնալ և հարմարավետ սայլակներ են: Արդեն չորս տարի նմանատիպ միջոցառումներ ենք անցկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թումասյանը:

Նա նշեց, որ անվասայլակներ են տրամադրել նաև զինվորների վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին:

Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի խոսքով` սա հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, և բարերար Հրանտ Թումասյանը, ով տարիներ շարունակ աջակցել է հիմնադրամին, միշտ ուշադրության կենտրոնում է պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց, օգնել և սատարել է:

 Հիմնադրամը Հրանտ Թումասյանին պարգևատրեց «Ազգի նվիրյալ» շքանշանով:

Լուսանկարները՝ Արմեն Չատինյան.Արմենպրես ֆոտոդպրոց


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am