Խաչիկ և Արենի գյուղերի սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է. ՊՆ փոխնախարար

Armenpress 15:43, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀՀ ԶՈւ կողմից վերահսկելի է և համեմատաբար հանգիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Սահմանին լարվածությունը մեծ չէ, համեմատաբար հանգիստ է վիճակը: Ես երեկ եղել եմ Վայոց Ձոր մարզի Խաչիկ և Արենի գյուղերում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ գրեթե չկային: Զանգակատուն բնակավայրից մի փոքր այն կողմ գտնվող մարտական դիրքերում կային կրակոցներ, բայց դրանք նույնպես քիչ էին: Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներն էլ հիմնականում կապված են սահմանին տարվող ինժեներական աշխատանքների հետ»,- ասաց Բալայանը և հավելեց, որ կրակոցները որևէ կերպ չեն ազդում օպերատիվ իրավիճակի վրա:

Փոխնախարարը շեշտեց, որ վերջին 2 շաբաթում ընդամենը 2-3 օր է եղել, որ սովորականից ավելի շատ են կրակոցներ եղել հակառակորդի կողմից:

Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք, որը կարող է վնաս հասցնել ՀՀ ԶՈՒ-երի մարտական պատրաստությանն ու դիրքային առավելությանը, անմիջապես կանխվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am