Բակո Սահակյանը շնորհավորել է  Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Կազիմիրովին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ

Armenpress 10:58, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

«Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Եվ ամբողջ կյանքի ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Ձեր երկրին, հաստատակամորեն պաշտպանել եք նրա շահերը, հավատարիմ եք եղել Ձեր ընտանիքին եւ ընկերներին: Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:

 Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել  Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է շնորհավորական ուղերձում:

               



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am