Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Armenpress 17:18, 10 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր և Դիլիջան քաղաքներում մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ այս տարի փառատոնին մասնակցում է 7 երկիր՝ ներառյալ Հայաստանը:

«Այս տարի փառատոնին մասնակցում են 7 երկրի ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Մեր ծրագրում ներկայացված է լինելու նաև Լեհաստանի Վրոցլավի Հենրիխ Տոմաշևսկու անվան մնջախաղի թատրոնը, նրա հենց ստեղծած թատրոնը»,- ասաց Դադասյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը կոչ արեց արվեստասերներին՝ ակտիվ մասնակցել փառատոնին:

«Փառատոնն ունի շատ լուրջ մասնակցային աջակցության խնդիր: Մասնագիտական առումով չափազանց կարևորում ենք մնջախաղի արվեստի կայուն ընթացքը մեր իրականության մեջ: Նաև դրա զարգացումը, նոր ձևերի բացահայտումը, և կարծում եմ, որ և՛ կրթական համակարգում, և՛ թատերական աշխարհում մասնագիտական մնջախաղի արվեստը պետք է լինի առաջին դիրքերում»,- նշեց Խզմալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ իրականացվող փառատոնը կկայանա օգոստոսի 10-15-ը: Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am