Ոստիկանությունը հայտնում է դրամանենգության դեպքի բացահայտման մասին․ մեկ անձ կալանավորվել է 

Armenpress 20:40, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացել, որ Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գլխավոր վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ, պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Հայտնաբերվել ու բերման են ենթարկվել կասկածվող անձինք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել։ «Բերման ենթարկվածներից մեկի բնակարանում հայտնաբերվեցին ծխախոտի տուփերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ատրճանակ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Մեկ անձ կալանավորվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am