«Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին. Եվրոպայի լիգա

Armenpress 21:50, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալեց անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին թիմերը հավասար պայքար էին ծավալել և միմյանց հաճախակի անհանգստացնում էին սուր գրոհներով: Հետագայում «Վուլվերհեմփթոն»-ը մեծացրեց ճնշումը «Փյունիկ»-ի դարպասին, և 29-րդ րոպեին տուգանային հրապարակից շեշտակի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մեթ Դոերթին: Խաղակեսի վերջնամասում անգլիական ակումբը կրկին օգտագործեց իր հնարավորությունը և կրկնապատկեց հաշվի առավելություընը: Դիպուկությամբ աչքի ընկավ Խիմենեսը:

Երկրորդ կեսի հենց մեկնարկին «գայլերը» խփեցին նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ նույն Խիմենեսը: Ամբողջ երկրորդ կեսի ընթացքում գնդակին և նախաձեռնությանը տիրում էր «Վուլվերհեմփթոն»-ը: Հանդիպման վերջնամասում հայկական ակումբի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11 մետրանոց հարվածն «Վուլվերհեմփթոն»-իկազմում անվրեպ իրացրեց Ռուբեն Նևեսը: Ի վերջո, հայկական ակումբը պարտվեց խոշոր հաշվով՝ 0:4:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիպմանը հետևում էր 13.050 երկրպագու:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Անգլիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am