Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 6 մեդալ

Armenpress 12:34, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը տեղի է ունեցել 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը, որի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am