Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

Armenpress 19:24, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ 

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։

Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք, որի ժամանակ Հայաստանի վարչապետը հանդես է գալիս ելույթով։

Վաղը՝ օգոստոսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am