Վանաձորում կտեղադրվի Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանը

Armenpress 16:24, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա ապրիլի 12-ից «Ինտերկապ» բարեգործական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանը կառուցելու համար դրամահավաքը: Նախաձեռնող խումբն առաջին հերթին նկատի էր ունեցել իրենց համակիրների, բարեկամների, հարազատների աջակցությունը: Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում հանգանակությունը ծավալվեց և դարձավ հիրավի համաժողովրդական։ Բոլոր նվիրատուները գումար են տրամադրել իրենց անձնական միջոցներից...

Հուշարձանի՝ եզակի մտահղացմամբ պատվանդանը կառուցված է, այժմ ընթանում են ձուլման աշխատանքները գյումրեցի քանդակագործ Հովհաննես Պապոյանի արվեստանոցում: Քանդակի հեղինակը երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեգջանյանն է, ճարտարապետը' Սուրեն Աբովյանը։ Բացման արարողությունը նախատեսվում է մինչև սեպտեմբերի 21-ը:

«Արմենպրես»-ը զրուցեց «Ինտերկապ» ՀԿ-ի նախագահ Նորայր Զուլոյանի, արձանի կառուցման աշխատանքների համակարգող նախաձեռնող խմբի մյուս անդամներից՝ պատմաբան Ռուբեն Պարսամյանի, Արցախյան ազատամարտի մասնակից Ռազմիկ Մադարյանի, Երևանի Գրականության և Արվեստի թանգարանի տնօրեն գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանի հետ:

«Դեռևս 1990 թվականին Վանաձորի Անդրանիկ Օզանյանի փողոցի սկզբնամասում տեղադրվել էր Զորավարին նվիրված հուշաքար, որտեղ պետք է կառուցվեր հուշարձանը: Սակայն մինչև անցած տարի «Ինտերկապի» խնդրին միանալը նախաձեռնություն չէր եղել այդ նպատակով: Երբ սկսեցինք հանգանակությունը, դեռևս հստակ չէինք պատկերացնում, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվելու: Արդյունքում հուշարձանի բարձրությունը լինելու է մոտ 8 մ: Հուրախություն բոլորիս՝ համազգային հերոսի արձանի կառուցմանն ուղղված ձեռնարկումը լայն արձագանք ստացավ, ընդլայնվեց նվիրատվությունների աշխարհագրությունը։ Հանգանակությանը մասնակցեցին ոչ միայն մեր մարզի ու քաղաքի, Հայաստանի ու Արցախի, այլև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Սինգապուրի, Արգենտինայի, Հունաստանի բարերարներ, տարբեր ազգությունների բարի կամքի տեր մարդիկ ու կազմակերպություններ: Ձուլման համար նախատեսված գումարը դեռևս չի ամբողջացվել, սակայն նվիրատվությունները շարունակվում են: Բոլոր նվիրատուներին հանձնվել են «Գիր Երախտիքի»՝ լուսանկարով, որ տեղադրվել և լուսաբանվել է համացանցում։ Նվիրատուների ցուցակը պարբերաբար տպագրվում է «Լոռու մարզ» թերթում: Հրատարակվելու է տասը հազար տպաքանակով երկլեզու «Հուշամատյան», որտեղ տպագրվելու են բոլոր նվիրատուների անունները»,- ասաց Զուլոյանը:

«Իսկ ուրիշ աջակցողներ եղե՞լ են» հարցին ի պատասխան, նա նշեց, որ Վանաձորի քաղաքապետարանը ֆինանսավորել է հուշարձանի շրջակայքի բարեկարգումը: Աշխատանքներն ավարտական փուլում են: Նվիրատվություն է արել նաև Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը (ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության միջնորդությամբ), ինչը հարգանքի տուրք է նաև այդ երկրի ազգային հերոսի հիշատակին:

«Ինչո՞ւ հատկապես Զորավար Անդրանիկի արձանը»,- հարցն ուղղեցինք պատմաբան Ռուբեն Պարսամյանին. «Անդրանիկը մեզ համար հզորության խորհրդանիշ է: Նա մեզ հարկավոր էր երեկ՝ աբդուլհամիդյան զուլումի տարիներին՝  ֆիդայական փաղանգը համախմբելու և ազգային ինքնապաշտպանական ոգին արթնացնելու համար։ Հարկավոր է այսօր, երբ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ազգային միասնության տեսլականը գործնական հունի մեջ դնելու համար, հարկավոր է վաղը`  հարատևության ճանապարհից չշեղվելու, սերունդներին դաստիարակելու և նոր Անդրանիկներ ունենալու համար:

Այսպիսով, հուշարձանի կառուցումն ինքնանպատակ չէ: Դա կառուցողական գաղափար է և կյանքի է կոչվում  համաժողովրդական նվիրատվություններով, կոչված է ծառայելու մեր ինքնության պահպանմանը։ Առաքելոց վանքի կռվից մինչև Վանի ինքնապաշտպանություն, մինչև Սարդարապատ և Արցախյան ազատամարտ Զորավարը եղել և մնում է ոգեշնչման և համախմբման խորհրդանիշ: Մեր թշնամին ասել է հետևյալ խոսքերը. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս հողի վրա այլևս ոչ մի Անդրանիկ չծնվի»։ Կարծում եմ թշնամու խոսքն էլ հասկանալի է դարձնում, թե ով է մեզ համար Զորավար, ազգային հերոս Անդրանիկը: Եվ արձանի կառուցումը միտված է նաև թշնամու մեջ այդ սարսափը մշտավառ պահելու համար,- ասաց Ռուբեն Պարսամյանը: Նա նաև հավելեց, որ նամակ-խնդրանք է ուղարկվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Վեհափառին, հույսով սպասում ենք պատասխանի»:

«Անդրանիկի ոգին ինչպե՞ս է օգնել ձեզ Արցախյան ազատամարտի օրերին»,- հարցն ուղղեցինք Մադարյանին. «Արցախյան ազատամարտի առաջին օրերին Վանաձորում կազմավորվեց «Զորավար Անդրանիկ» ջոկատը, որի մարտիկները հիմնականում վանաձորցի մարզիկ-հրաձիգներ էին։ Ջոկատն անցավ մարտական փառահեղ ուղի՝ Հայաստանի սահմանամերձ գոտիներից մինչև Արցախ։ Ցավոք, անհավասար մարտերում ունեցանք նաև զոհեր։ Տղաները փայլեցին իրենց նվիրվածությամբ և քաջությամբ՝ բարձր պահելով Զորավարի անունը: Մենք՝ ազատամարտիկներս, ամենայն սիրով մասնակցեցինք Մեծն Զորավարի արձանի կառուցմանը, գործուն մասնակցություն ունեցանք նաև շինարարության աշխատանքներին։ Այո՛, հպարտությամբ պիտի նշեմ, որ նվիրատուների շարքերում քիչ չեն նրանք, ովքեր երեկ ու այսօր զենքը ձեռքին մարտնչել են հայրենի հողի ազատագրմանը՝ դրանով իսկ կյանքի կոչելով Զորավարի մտահղացումները։ Զորավարը պատգամել էր, որ իր գործը կիսատ չթողնեն։ Ազատամարտիկներս հավատարիմ ենք այս պատգամին։ Ես այստեղ եմ տեսնում ազգային անզուգական հերոսի հուշարձանի կառուցման կարևոր խորհուրդը»։

Կարո Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե աջակցության համար չե՞ն դիմել բարերարներին կամ պետական մարմիններին: Չէ՞ որ նշանակալի աջակցության պարագայում նախաձեռնությունն առավել արագ կյանքի կկոչվեր:

«Այդ հարցը քննարկվել է նախաձեռնող խմբի առաջին նիստերին: Իհարկե, չէր բացառվում, որ խոշոր գործարարները կարող էին միանգամից հոգալ կոթողի ողջ ծախսերը՝ հենց միայն իրենց անունը Զորավարի հետ կապելու նպատակով: Այնպես, ինչպես եղավ, ասենք, Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակների պարագայում: Բայց, ճիշտ է շեշտվում, մենք որոշեցինք անհրաժեշտ միջոցներն ապահովել համաժողովրդական հանգանակության ճանապարհով: Անդրանիկը մեր պատմության ամենաժողովրդական հերոսն է, այն բացառիկ հերոսը, ով սիրտ ու հոգի ուներ ամեն գաղթականի, ամեն որբի համար: Հիշենք թեկուզ նրա «Մեկ հայը մեկ ոսկի» ազգաշահ ծրագիրը, որի միջոցով նա օրհասական ժամանակներում թուրքերի ու քրդերի կողմից գերեվարված հայ որբուկներ էր հավաքում գալիք Հայաստանի համար: Եվ պատահական չէ, որ հերոսի զորամիավորումներից մշտապես անբաժան էին տնավեր գաղթականության թափորները: Ժողովուրդը նրան էր ապավինում ու նրա հետ էր կապում իր հույսերը: Ահա այս գիտակցությամբ ենք առաջնորդվել՝ արձանի կառուցման գործին փորձելով ներգրավել հայության հնարավոր լայն շրջանակներ»,- ասաց Վարդանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am