ճանապարհների բարեկարգում, կոյուղագծի անցկացում. Կոտայքի մարզպետը Նոր Գեղի համայնքում էր

Armenpress 17:53, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն օգոստոսի 1-ին աշխատանքային այցի շրջանակներում Նոր Գեղի համայնքում էր:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից, համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է ընթացիկ և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին, լսել վերջիններիս մտահոգություններն ու առաջարկները:

Մարզպետը հաջորդիվ այցելել է Նոր Գեղիի Ցոլակ Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոն, որտեղ ներկա էին համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներ և ղեկավարներ:

Մշակույթի տանը կայացած հանդիպմանը ներկայացվել է շնորհանդես մեկ տարվա ընթացքում ՀՈԱԿ-ների և համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Կատարվածների շարքում էին վերջերս տեղադրված շուրջ 5 կանգառները, լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը, կոյուղագծի անցկացումը և այլն:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա նախատեսվում է համայնքային երկրորդական փողոցի ասֆալտի վերականգնում և ասֆալտապատում, բազմաբնակարան շենքի վերանորոգում և բնակեցում բազմազավակ և անօթևան ընտանիքներով, մանկապարտեզների բակերում խաղահրապարակների կառուցում:

Անդրադառնալով համայնքում արձանագրված փոփոխություններին՝ մարզպետը նշել է, որ համայնքներում կատարվող յուրաքանչյուր դրական ձեռնարկից շահում է պետությունը, համայնքը ու նաև մեր փոքրիկները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am