Ավտոմաքսատունը տեղափոխվում է Գյումրի. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Armenpress 13:12, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու նպատակով կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց: Մասնավորապես, հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ 181 մլն դրամով ավելացնելով եկամուտները և ծախսերը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 181 միլիոն դրամից 41 միլիոնը  նախատեսված է մեկ անձից գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի հիմքի ձեռքբերման ծառայությունների հետ կապված: «140 միլիոն նախատեսվում է վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ սարքավորումների ձեռքբերման համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը:

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:

 «Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- նշեց Դավիթ Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին Նորագավթի ավտոմաքսատուն այցից հետո ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am