Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայակենտրոն է. Զոհրաբ Մնացականյան

Armenpress 16:55, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արտաքին քաղաքականություն վարելիս չի հարում որևէ ուղղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հարցին:

«Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն էր, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը վերաբերում է միայն Հայաստանին, և այն բացառապես ներքին խնդիր էր: Պարզաբանել, որ այն շատ կարևոր զարգացում էր Հայաստանում՝ հայերի համար՝ ուղղված հանրային կառույցների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ ժողովրդին և տնտեսությանը, ազգային անվտանգության օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների միջոցով կայունության նպատակներին ավելի լավ ծառայելու համար»,- նշել է Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված՝ ամրապնդելու ազգային անվտանգության ճարտարապետությունը Հայաստանի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ ներգրավվածությամբ:

«Մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգ ստեղծենք՝ նավակը ճոճելով այն աստիճանի, որ խարխլվեին Թավշյա հեղափոխության նպատակները և խաթարվի ժողովրդի անվտանգությունը: Մենք այս կամ այն ուղղության չենք հարում: Մենք խիստ հայամետ ենք, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես խիստ հայակենտրոն է: Այս շրջանակներում, ռազմավարական մոտեցման միջոցով, մենք զգուշորեն կառուցել ենք ազգային անվտանգության ճարտարապետությունը, որի կարևորագույն մասն է արտաքին քաղաքականությունը, և որի շրջանակներում մեր գործընկերներից յուրաքանչյուրի հետ ամուր հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն  մեր ազգային անվտանգությանը յուրովի նպաստելու գործում»,- հայտնել է նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am