Արիզոնայում քննարկում են Հայաստանի հետ առևտրային գրասենյակ բացելու հարցը

Armenpress 15:09, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում արդյունավետ ու կարևոր հանդիպումներ է անցկացրել՝ նախանշելով համագործակցության ուղղությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ելենի Կունալակիսը շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության համար: Նա առանձնացրեց իրենց այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ Հիշատակի պուրակում ծառ է տնկել Կալիֆոռնիայի անունից: Պատվիրակությունը տպավորված է Թումո կենտրոն այցելությունից: Ելենի Կունալակիսի խոսքով, կարևոր է, որ ամերիկահայերը կարողացել են այդպիսի ներդրում ունենալ իրենց Հայրենիքում: Նա հույս հայտնեց, որ իրենց այցելությունը նոր դուռ կբացի համագործակցությունն ընդլայնելու համար: 

«Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և պահանջատեր է այդ հարցում: Մեր նահանգում գործում է օրենք, ըստ որի, նահանգի հանրային վարժարաններում Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացվում է ուսանողներին: Կալիֆոռնիան ԱՄՆ-ի 9 նահանգներից մեկն է, որը ճանաչել է Արցախի անկախությունը»,- ասաց Ելենի Կունալակիսը:

Արիզոնայի նահանգային սենատոր Օթոնիել Նավարեթեն մեծ պատիվ է համարում Հայաստանում գտնվելը: Նա ընդգծեց, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցան ԱԳ նախարարի, Ազգային ժողովի պատգամավորների հետ:

«Շատ հետաքրքիր է տեսնել, թե սփյուռքահայերը որքան կապված են իրենց Հայրենիքին և ամեն ինչ անում են ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այստեղ մարդկանց մեջ յուրահատւկ էներգիա եմ տեսնում: Արիզոնան այն նահանգներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Պետք է աշխատել, որ ապագայում այլ ցեղասպանություններ չկրկնվեն»,-ասաց նա: Օթոնիել Նավարեթեն նշեց, որ Արիզոնայում քննարկում են Հայաստանի հետ առևտրային գրասենյակ բացելու հարցը:

Լրագրողները հետաքրքրվեցին Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթի հնարավոր կազմակերպման մասին:  Ելենի Կունալակիսը նշեց, որ  այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:

«Այն շատ կարևոր կլինի Հայաստանի ու հայերի համար: Ինչպես գիտենք, Կալիֆոռնիայում մեծ թվով հայեր են ապրում, ուղիղ չվերթի դեպքում նրանք հեշտությամբ կարող են տեղաշարժվել»,-ասաց նա: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am