89-ամյա ամերիկուհին Կիլիմանջարո լեռը բարձրանալով սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ

Armenpress 13:23, 27 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Էնն Լորիմորը մեծ ընդունելության է արժանացել Ֆենիքս Սքայ-Հարբոր օդանավակայանում` Տանզանիայում Կիլիմանջարոն բարձրանալուց հետո հայրենիք վերադառնալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC15 հեռուստաալիքը:

Լորիմորը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում նվաճելով Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթը՝ 5895 մ բարձրությամբ Կիլիմանջարո լեռը: Նա տարիներ առաջ արդեն ռեկորդ էր սահմանել՝ դառնալով Կիլիմանջարոն նվաճած ամենատարեց կինը, սակայն տեղեկանալով, որ մեկ այլ կին իրենից խլել է տիտղոսը, իսկ ավելի ուշ մի տղամարդ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, նա որոշել է կրկին բարձրանալ լեռը:

«Մի պահ ես իսկապես անհանգստացած էի, քանի որ ընկել էի՝ դեռ նոր բարձրանալիս: Կողերի հատվածում ուժեղ ցավ էի զգում, չէի կարողանում խորը շնչել: Ես մտավախություն ունեի, որ եթե չկարողանամ անհրաժեշտ քանակով թթվածին ստանալ, ապա չեմ կարող գործը գլուխ բերել»,- ասել է Լորիմորը լրագրողների հետ զրույցում:

Ամերիկուհին նշել է, որ Աֆրիկա ճամփորդությունը և վերադարձը՝ լեռը նվաճելով հանդերձ, իրենց 9 օր է պահանջել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am