Եվրամիությունը նախաձեռնել է Արևելյան գործընկերության ապագայի թեմայով խորհրդակցությունների շարք  

Armenpress 21:12, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության գերատեսչությունները սկսում են Արևելյան գործընկերության  ապագա ռազմավարական ուղղությանը նվիրված ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք՝  նախապես սահմանված կառուցվածքով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից։

«Վերջին տասնամյակում ԵՄ-ն, իր անդամ պետությունների և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետության և Ուկրաինայի միջև համագործակցության հզորացումը Արեւելյան գործընկերության շրջանակներում ապացուցել է իր փոխշահավետությունը և կոնկրետ արդյունքներ է ապահովել քաղաքացիների համար:

«20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» խորագրով բարեփոխումների ընդհանուր օրակարգը հաջողությամբ առաջընթաց է գրանցել  ողջ տարածաշրջանում՝ աշխատանք տանելով ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ: Ի նշանավորումն ԱլԳ նախաձեռնության 10-ամյակի՝ մայիսի 14-ին տեղի ունեցավ Բարձր մակարդակի համաժողով, որի ընթացքում   Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մեկնարկեց քննարկում Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ:

Այս համատեքստում, Եվրոպական խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողովին և ԵԱԳԾ-ին հանդես գալ Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ առաջարկներով:  Գործընկերության  պատշաճ ու ընդգրկուն ձևաչափի պահպանման  նպատակով Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրում են հիմնական շահագրգիռ կողմերին կիսվել ապագա քաղաքական շրջանակի  վերաբերյալ իրենց տեսակետներով:

ԵՄ անդամ պետությունների և Արեւելյան գործընկեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները միջազգային ֆինանսական հաստատությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բիզնեսի և մասնավոր հատվածի դերակատարները, ակադեմիական և հետազոտական հաստատությունները, երիտասարդները, զանգվածային լրատվամիջոցները և այլ շահագրգիռ կողմեր կարող են կիսել իրենց տեսակետը նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ:

Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը տեղադրել իրենց առաջարկները սույն կայքէջում: Թեմատիկ հանդիպում-խորհրդակցություններ կկազմակերպվեն նաև գործընկեր երկրներում և  Եվրոպական միությունում:

Ներկայացված տվյալների հիման վրա կմշակվի փաստաթուղթ, որը կներկայացնի Արևելյան գործընկերության նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի հիմնական դրույթները»,- նշված է հաղորդագրության մեջ:    

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am