ՊԵԿ-ը «Սպայկա»-ին հնարավորություն է տալիս չխաթարել գործունեությունը. Անանյան  

Armenpress 13:40, 25 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն «Սպայկա» ընկերության հետ կապված գործի քննությունն առանձնացրել է և հնարավորություն է տալիս չխաթարել գործունեությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ն անընդհատ տեղեկատվություն է ստանում արտերկրի գործընկերներից և կատարում լրացուցիչ հաշվարկներ ու վերահաշվարկներ:

«Հաշվի առնելով «Սպայկա»-ի սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ՝ ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական գործի մասով մեր քննությունն առանձնացրել ենք, շարունակում ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Անանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ՊԵԿ-ը մտադի՞ր է զիջումների գնալ «Սպայկա»-ի հետ կապված, Դավիթ Անանյանն ասաց, որ չի կարելի այդպիսի բան ասել:

«Ջիջել՝ նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում անել: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ են իրականացնում: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր: Այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի իրենք ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում, որ մենք ետ ենք գնացել, հակառակը՝ նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են»,- ասաց Անանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am