Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը

Armenpress 21:05, 23 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ։  «Հատկանշական է նաև, որ բանաձևն ընդունվել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա կատարելիք այցի նախօրեին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ռայդի քաղաքային իշխանությունների հետ, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորություններն ու հեռանկարային ուղղությունները:  Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի և Ռայդի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում»,- ասվում է մեկնաբանության մեջ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am