ՊՎԾ-ն պարզել է՝ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն արդյունավետ չի գործել

Armenpress 17:30, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տարիներ շարունակ չի իրականացրել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց  կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:

«Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը: Տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր՝ ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց  կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք»,-նշված է հաշվետվությունում:

Արձանագրվել է, որ կա հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am