Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել  է ՀՀ ՊԵԿ-ում կիրառվող տեղեկատվական համակարգերին

Armenpress 16:24, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը, դրանց փոխգործելիության սկզբունքները և տեխնիկական բնութագրերը, «մեկ պատուհան» համակարգի հետագա զարգացման հեռանկարները և նախագծերը, ինչպես նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգը: Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները:

Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ, այդ թվում՝ իրականացման փուլում գտնվող երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման նախագիծը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am