Սեւան քաղաքում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ

Armenpress 15:28, 23 Հուլիս, 2019

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքն այս օրերին վերածվել է ակտիվ շինհրապարակի, ուր մի քանի ուղղություններով ընթանում են հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը,  այս օրերին Սեւանի Գագարին գյուղում իրականացվում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ:  Մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, ՀՀ կառավարության կողմից  առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում: ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 18 միլիոն դրամ, իսկ շուրջ երեք միլիոն դրամ կազմել է Սեւանի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագրի շրջանակում նախատեսված է մինչեւ տարեվերջ ավարտել Գագարինի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքները:

Կառուցման մյուս հասցեն Չարենց փողոցի սկզբնամասն է:  Չարենց-Շահումյան փողոցների խաչմերուկից մինչեւ Չարենց-Ելենովկա փողոցների խաչմերուկ ընկած հատվածը` 4824 քմ, շուտով եւս կդառնա ասֆալտապատ ու բարեկարգ եւ կամբողջացնի Չարենց փողոցի միաշերտ ասֆալտապատման ամբողջական պատկերը:  Ծրագիրն իրականացվում է  «Չարենցի փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսից եւ կավարտվեն օգոստոսի վերջերին: ՀՀ կառավարությունը հատկացրել է ծրագրի ընդհանուր արժեքի 60, Սեւանի համայնքապետարանը՝ 40 տոկոսը:  Այս օրերին բարեկարգման աշխատանքներ են ընթանում Սեւանի կենտրոնական տարածքներից մեկում. նորոգվում է Գործարանային փողոցի թիվ 2 շենքի արեւմտյան հասցեում գտնվող անցուղին: Ծրագիրն իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի, ինչպես նաև «Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացում» երկկողմ` Սեւանի համայնքապետարանի եւ Սեւանի զբաղվածության կենտրոնի միջեւ ստորագրված պայմանագրի շրջանակներում: Օրեր անց քաղաքի այս հատվածն էլ բնակիչների եւ քաղաքի հյուրերի համար կդառնա երթևեկության հարմարավետ եւ անվտանգ տարածքներից մեկը:  Բարեկարգման մյուս հասցեն 2-րդ միկրոթաղամասի միջանցիկ հատվածն է, որը տասնամյակներ շարունակ մեծ անհարմարություն էր պատճառում միկրոթաղամասի բնակիչներին եւ այդտեղով անցուդարձ անող մարդկանց՝ միաժամանակ ստեղծելով ավտոմեքենաների երթեւեկի համար ոչ բարենպաստ իրավիճակ: Համայնքային միջոցներով այստեղ կատարվում է ասֆալտբետոնյա միաշերտ ծածկի տեղադրում՝ 115 գծամետր երկարությամբ եւ շուրջ 750 քմ մակերեսով: Աշխատանքներն այստեղ արդեն մոտենում են ավարտին:  Բարեկարգման մյուս հասցեն Գործարանային փողոցն է, որը եւս դարձել էր անհարմարավետ եւ ոչ բարեկարգ:  Խնդրին լուծում տալու նպատակով համայնքապետարանի կողմից այս օրերին փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, հարթեցվում է տարածքը, որը հնարավորություն կտա ամռան այս ամիսներին եւ հետագայում եւս քաղաքի բանուկ հատվածում գտնվող Գործարանային փողոցն օգտագործել լիարժեք»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am